ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ժամկետային զինծառայողները ձերբակալվել են սպային խմբով ծեծելու կասկածանքով։
Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի այն է` զինծառայողին վիրավորանք հասցնելը, և 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, ևս երեք պարտադիր ժամկետային զինծառայողներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) նախատեսված արարք կատարելու կասկածանքով»,–գրել է Հարությունյանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: