Դուք նշանակալի ավանդ ունեք Հայաստանի զարգացման գործում. Պուտինը շնորհավորել է Քոչարյանին

Ընդգծելով 2-րդ նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին տոկունություն է մաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի facebook-յան պաշտոնական էջում։

Համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի. Սարգսյանը շնորհավորել է Քոչարյանին

Նամակում, մասնավորապես, ասվում է․«Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։

Ընդգծելով երկրորդ Նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ Նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանավայրում։