Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների, պետական և հասարակական գործիչների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը և հավելում, որ այսօր` օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին:

Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների, պետական և հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչների:

«Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին եւ Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում»,–ասված է հայտարարության մեջ:

Աշխարհը չէր ստեղծել այնպիսի ուսադիրներ, որ արժանի էին Լեոնիդի ուսերին

Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ արդեն 28 տարի է, ինչ մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն: «Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ, ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, դինամիկ զարգացող տնտեսություն»,- ընդգծել է նախագահը:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդն այսուհետ ևս համատեղ ուժերով կլուծի իր առջև ծառացած բոլոր խնդիրները, ինչպիսինն էլ դրանք լինեն: «Վստահ եմ, որովհետև գիտեմ, որ ոչ մի բան չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու հաստատակամությունը, շեղել նրան իր ընտրած ճանապարհից»,- շեշտել է նախագահը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: