Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արցախում է. նա այցելել է մարտական դիրքեր

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի-Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր`օգոստոսի 30-ին, այցելել է Արցախի մարտական դիրքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը:

Ռազմական անակնկալներ․ ի՞նչ էր ակնարկում Դավիթ Տոնոյանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Արցախի Հանրապետության իր պաշտոնակցի՝ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ եղել է բանակային առաջնագծի հյուսիսային և արևելյան ուղղություններում, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքերի ամրապնդման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման և հակառակորդի նկատմամբ մարտավարական առավելության ապահովման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ: Տոնոյանն ընդգծել է հատկապես ՊԲ-ի զինծառայողների պատրաստակամությունը՝ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը պահպանելու նպատակով, թե պաշտպանական և թե հարկ եղած դեպքում նաև հարձակողական բնույթի գործողություններ կատարելու առումով:

Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Պաշտպանության նախարարները նաև մի շարք հանդիպումներ են ունեցել բանակի հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, խրախուսել առավել աչքի ընկածներին: Նրանք նշել են, որ ծառայողական պայմանների բարելավման ու մարտական հնարավորությունների կատարելագործման խնդիրները շարունակելու են մնալ հայկական զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արցախում է. նա այցելել է մարտական դիրքեր