Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր նշում է իր ծննդյան 65-րդ տարեդարձը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի-Sputnik. Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: 

Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Քոչարյանին՝ ընդգծելով Քոչարյանի դերը Արցախի պետականության ստեղծման ու կայացման գործում: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

«Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, հարազատ ժողովրդի պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, հաղթանակների կերտման գործում»,- ասված է ուղերձում:

ԼՂՀ նախագահը Քոչարյանին մաղթել է խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Հիշեցնենք`2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանավայրում։