ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի-Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ Լուկաշենկոյի անունը կապվում է Բելառուսի ժամանակակից պատմության, պետության սոցիալ-տնտեսական զարգացման հաջողությունների և միջազգային լայն համագործակցության ձևավորման հետ:
«Հաճույքով եմ հիշում իմ վերջին այցը Բելառուս, մասնակցությունը Եվրոպական երկրորդ խաղերի փակման՝ հրաշալի կազմակերպված արարողությանը, բարեկամության և փոխըմբռնման մթնոլորտում կայացած մեր բովանդակալից զրույցը, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիաների պարկ իմ այցելությունը»,- ասված է ուղերձում:
Համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի. Սարգսյանը շնորհավորել է Քոչարյանին
Նախագահ Սարգսյանը նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կիրականացվեն կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ երկու նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները:
Շնորհավորական ուղերձի վերջում Սարգսյանը պաշտոնակցին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու պաշտոնում: