ԵՐԵՎԱՆ, 31 Օգոստոս — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ու Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Սիչյովը մոտ են «Փյունիկի» հետ պայմանագիր ստորագրելուն:
Տրանսֆերային պատուհանը Հայաստանում փակվում է այսօր, և այս տեղափոխությունների մասին պաշտոնական ինֆորմացիա, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի վաղը:
Բայց «Փյունիկի» մամուլի քարտուղարությունից մենք տեղեկացանք, որ երկու ֆուտբոլիստների հետ էլ բանակցություններ են ընթանում, ու եթե արտասովոր ինչ-որ բան տեղի չունենա, Օզբիլիսն ու Սիչյովը մեկ տարվա պայմանագիր կստորագրեն Հայաստանի գործող փոխչեմպիոնի հետ:
Արազ Օզբիլիսը վերջերս է խզել պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշի» հետ և, ունենալով ազատ գործակալի կարգավիճակ, նրա տեղափոխության հարցը կարող հեշտությամբ լուծվել: Սպասվում է, որ Օզբիլիսը մեկ տարվա պայմանագիր կկնքի «Փյունիկի» հետ:
Անկասկած, լավ մարզավիճակ ձեռք բերելու դեպքում Օզբիլիսը շատ մեծ օգուտ կտա «Փյունիկին», և քանի որ արդեն ունի խաղային պրակտիկա, կարող է վերադառնալ ազգային հավաքական:
Դմիտրի Սիչովը կարող է հանդես գալ «Փյունիկում»
Դմիտրի Սիչյովը հոկտեմբերին կդառնա 36 տարեկան: Բայց ֆուտբոլում, եթե ֆուտբոլիստը համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին, ապա տարիքը խոչընդոտ չի կարող հանդիսանալ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ռուս ֆուտբոլիստը խաղերի չի մասնակցել ու մարզվել է անհատական ծրագրով: Սակայն Սիչյովի կարգի ֆուտբոլիստը կարճ ժամանակահատվածում կարող է լավ մարզավիճակ ձեռք բերել ու իր փորձով ու վարպետությամբ շատ օգտակար լինել «Փյունիկին»: Ռուս հարձակվողի հետ էլ, պայմանագիրը նախատեսված է կնքել մեկ տարով:
Ի դեպ, Դմիտրի Սիչյովն այս մասին արդեն գրել է Instagram–ի իր էջում և կից լուսանկար հրապարակել «Փյունիկի» բաժնետեր Արթուր Սողոմաոնյանի հետ։
Դմիտրի Սիչյովն իր նախորդ ակումբում` ռուսական «Կազանկա»–ում, հանդես է եկել 2017-2018-ը: Կարիերայի ընթացքում հարձակվողը խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվ», «Սպարտակ» ու ֆրանսիական «Մարսել» թիմերում: Ռուսաստանի հավաքականում նա 2002-2010թթ.-ն անցկացրել է 47 հանդիպում և դարձել 15 գոլի հեղինակ: Ազգային թիմի հետ Սիչյովը 2008-ին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: