Ավտովթար Շենգավիթում. 28 համարի երթուղայինը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Վթարի հետևանքով տուժած ուղևորներն ու վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի- Sputnik. Ավտովթար է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ համայնքում։ Ինչպես հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքէջը, այսօր, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող  «ԳԱԶել» մակնիշի  ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը:

Լոռիում ավտովթարի է ենթարկվել ՊՆ պայմանագրային զինծառայող

Պարզվել է, որ Մանթաշյան փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում թիվ 28 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ավետիք Ա.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Mazda CX» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հարություն Ղ., ծնված 1960 թ), այնուհետև արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով սյունը թեքվել է:

Ուղևորներ Արարատ Դ.-ին (ծնված 1947 թ), Անահիտ Խ.-ին (ծնված 1958 թ.), Ալինա Մ.-ին (ծնված 1957 թ.) և «ԳԱԶԵԼ»-ի վարորդը հոսպիտալացվել են «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններ: