ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Չկա մի ձևաչափ, որով հնարավոր լինի չափել այն ներդրումը, կամ ծրագիրը կյանքի կոչելու նպաստը, որը կատարվում է դիվանագիտական կորպուսի կողմից: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց ունի ներուժ օգտագործելու միջպետական հարաբերություններն ու հարթակները, որտեղ անմիջական դերակատարները կարող են միմյանց հետ համագործակցություն ստեղծել: Ձևաչափերը շատ են միջպետական ծրագրերը կամ պետությունների կողմից մեր երկրի զարգացմանն ուղղված ծրագրերը համալրելու»,-նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարը` վստահեցնելով՝ հեղափոխության շնորհիվ այդ ծրագրերի ծավալները մեծացել են:
Մնացականյանի խոսքով` Եվրոպայի խորհրդի հետ հաջորդ 4 տարիների գործողությունների ծրագիրն ունենք ի շնորհիվ մեր երկխոսության, մեր գործընկեր պետությունների հետ համագործակցության: «Մեր աշխատանքը նպաստում է մեր ազգային նպատակների իրագործմանը, և դրա մեջ մտնում է նաև մեր պետության զարգացման օրակարգը»,-նշեց նախարարը:
Խոսելով դեսպանների` հանրապետության մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու ու ներդրումները մարզեր ուղղորդելու մասին, նախարարը նշեց, որ մարզպետների հետ ունեցած հանդիպումից հետո յուրաքանչյուր դեսպան պետք է ներկայացնի գաղափար, թե ինչպես կարող է դրան նպաստել: «Այնպես չէ որ դա նոր է, բայց դա ավելի կիրառական ենք դարձնելու»,-նշեց նա:
Ըստ նախարարի` գործնական քայլերը տեսանելի կլինեն մեկ շաբաթից:
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն աշխատանքային այցով ժամանել են Գյումրի:
ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Եռաբլուր
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ դիվանագետները ծաղկեպսակ են խոնարհել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող 1988թ.-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Ծաղկեպսակի խոնարհման արարողությանը հաջորդել է դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների և ՀՀ մարզպետների աշխատանքային հանդիպումը: