Վայոց ձորում և Տավուշում կվերականգնվի երկու կարևոր ճանապարհահատված

Վայոց ձորում և Տավուշում երկու ճանապարհահատվածի վերականգնման համար արդեն իսկ պայմանագիր է կնքվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Վայոց ձորի և Տավուշի մարզերում կվերականգնվի կենսական նշանակության ևս երկու ճանապարհահատված։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Վրաստան գնալը կհեշտանա, ճանապարհի վերանորոգումներն սկսել են. լուսանկարներ

«Կվերականգնվեն Տավուշի մարզում Մ4-Գետահովիտ մոտ 1.4 կմ և Վայոց ձորի մարզում՝ Մ2-Գետափ մոտ 2.76 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։ Պայմանագիր է կնքվել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած ընկերությունների միջև»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին։ Իսկ աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020 թվականի ամռանը։

Ճանապարհները կվերականգնվեն ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում։

Հիշեցնենք, որ այս պահին պայթեցման աշխատանքներ են կատարվում Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։