Սահմանված չափանիշներին չհամապատասխանող ձկնաբուծարանները պետք է փակվեն. վարչապետ

Կառավարությունը հստակ չափանիշներ է սահմանել Արարատյան դաշտի՝ արտեզյան ջրերով աշխատող ձկնաբուծարանների համար։ Չհամապատասխանողներին 4 տարի ժամկետ է տրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Արարատյան դաշտում 116 ձկնաբուծական տնտեսություն է գործում։ Այսօր՝ օգոստոսի 29-ին կառավարության նիստում  այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը`ներկայացնելով արտեզյան ջրային ավազանի պահպանմանն ուղղված որոշման նախագիծը։

Սևանից լրացուցիչ ջրառը ցավոտ է. նախարար

«Անհրաժեշտ է սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի և արդյունաբերական արտադրանքի քանակը, տվյալ դեպքում` ձկան արտադրության»,–ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Այսպես, օրենքով առաջարկվում է սահմանել, որ իշխան ձկան արտադրության համար 1լ/վրկ արագությամբ ջուր ստացող արտադրողը պետք է ապահովի տարեկան նվազագույնը 700 կգ ձկան արտադրություն, թառափի համար` 800 կգ։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ներկա պահին Արարատյան դաշտում արդեն իսկ տրամադրված են տարեկան 1մլրդ 100 մլն խմ ջրօգտագործման թույլտվություններ։

Նոր բացահայտում․ Այգեձորի նախկին գյուղապետը պետությանը մոտ 4 մլն դրամի վնաս է հասցրել
«Առաջիկա մոնիթորինգի ընթացքում կբացահայտվեն այն արտադրողները, որոնք սահմանված միավոր ջուր օգտագործելով՝ ավելի քիչ քանակի ձուկ են արտադրում։ Այդ ժամանակահատվածում կլրանա արդեն ջրօգտագործման թույլտվությունների ժամկետը, և ըստ Ջրային օրենսդրության՝ ձկնաբուծարանները պետք է իրենց օգտագործած ջրի ծավալները համապատասխանեցնեն նոր սահմանված չափաքանակին, ինչն էականորեն կնվազեցնի Արարատյան արտեզյան համակարգից ջրի օգտագործման ծավալները»,– ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ձկնարտադրությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ոլորտներից մեկն է։

«Մենք մի ժամանակ հաշվարկել ենք, որ տարեկան 1 մլրդ դոլարի ջուր ենք սպառում, որ 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք։ Ընտրությունը հետևյալն է. կամ մենք արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, ինչը չենք կարող անել, կամ էլ ձկնարտադրության վրա են խաչ քաշում, որը էլի չենք կարող անել։ Դրա համար մենք պետք է քայլ–քայլ գնանք, որ կարողանանք ռիսկերը կառավարել ու գալ հավասարակշռված լուծումների»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարեց, որ գալու է մի «իքս» պահ, երբ սահմանված չափանիշներին չհամապատասխանող ձկնաբուծարանները պետք է փակվեն։ Ընդ որում, ըստ նրա՝ այդ ժամկետը սահմանվել է 2023թ.–ը։

Մխչյանի ձկնաբուծարանների վրա տուգանք է դրվել

ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն էլ հիշեցրեց, որ հարուցված քրեական գործով պարզվել էր, որ բնապահպանության նախկին նախարարն առանց փորձաքննությունների ապօրինի ջրօգտագործման թույլտվություններ է տվել, որոնցով 11 արտադրողներ ապօրինի գործունեություն են իրականացրել։

«Նախ, մի հատ հասկանանք, թե այդ տնտեսվարողների մոտ ինչ է կատարվում։ Փաստ է, որ մենք ունենք ջրօգտագործողներ, որոնք պատշաճ չեն իրականացնում իրենց գործառույթները, որը հղի է մեծ հետևանքներով»,–ասաց Դավթյանը։

Արձագանքելով դատախազի ներկայացրած տեղեկատվությանը` վարչապետը հանձնարարեց շրջակա միջավայրի ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարներին՝ համատեղ աշխատել դատախազության հետ` վերահսկելով գործող շուրջ 200 ձկնաբուծարանների աշխատանքը և տնտեսվարողներին վերադարձնել իրավական դաշտ։