«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու մեջ կասկածվողը քաղցկեղ ունի. մանրամասներ

«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակողն ընտանիքով Ռուսաստանում է ապրում, սակայն քիմիոթերապիա ստանալու համար պարբերաբար այցելել է Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի` «Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու մեջ կասկածվողը առողջական լուրջ խնդիրներ ունի` 50–ամյա տղամարդը տառապում է քաղցկեղով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կասկածյալի պաշտպանը` Վահե Մնացականյանը։

Մասիվցի Անդիկի սպանությունը
Արդեն հայտնել էինք, որ «Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողի` ՌԴ Չեչնիայի Ինքնավար Հանրապետության 32-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ սպանությանն օժանդակելու մեջ կասկածվողը ձերբակալվել է։ ՀՔԾ–ն հայտնում էր, որ «Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողն ու նրան օժանդակողը պարբերաբար հանդիպել են Երևանում։

«Պաշտպանյալս ընտանիքով Ռուսաստանում է ապրում, սակայն քիմիոթերապիա ստանալու համար պարբերաբար այցելել է Հայաստան։ Մենք ունենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ապացուցելու համար, որ վերջին ամիսներին պաշտպանյալս բուժման համար է Հայաստան եկել»,–ասաց պաշտպանը։

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ «Մասիվցի Անդիկի» սպանությունից հետո էլ  իր պաշտպանյալը Հայաստան էր եկել քիմիոթերապիայի հերթական կուրսը ստանալու, սակայն նրան ձերբակալել են։

«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողը հետախուզվում է

Մնացականյանը նշեց, որ արդեն դիմել է ՀՀ քննչական ծառայություն ու միջնորդություն ներկայացրել, որպեսզի հանձնաժողով կազմվի ու նրա բուժման հարցը լուծվի։

Փաստաբանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալը լսած էլ չի եղել, թե ով է «Մասիվցի Անդիկը»։ Հենց սա է պաշտպանական կողմի գլխավոր փաստարկներից մեկը։

Նա նշեց նաև, որ իր պաշտպանյալը չի ճանաչում նաև «Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողին, ում, ինչպես ասում է Քննչականը՝ օժանդակել է։ Մնացականյանի խոսքով` քրգործով ներկայացված նյութերից էլ չի երևում, որ պաշպանյալը կապ է ունեցել այդ անձի հետ։

Վահե Մնացականյանը  հայտնեց նաև, որ իր պաշտպանյալը Մոսկվայում է ապրում, 2 երեխա ունի, իսկ 3–րդը պետք է 2 ամսից ծնվի։

«Նա հանցավոր աշխարհի հետ որևէ կապ չունի, շինարարական ընկերությունում է աշխատում ու իր ընտանիքի ապրուստը հոգում»,–վստահեցնում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2019-ի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել Անդրանիկ Հարությունյանի դին:

«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ երկու «խաղացող» կա. նոր մանրամասներ

Մեղադրյալը` ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 32-ամյա բնակիչը, 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է ՀՀ և  հուլիսի 2-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ կրակոցներ արձակելով սպանել է Անդրանիկ Հարությունյանին:

Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում Մասիվցի Անդիկի սպանությունից

Օգոստոսի 20-ին ՌԴ-ից Հայաստան էր վերադարձել սպանությանն օժանդակելու մեջ կասկածվողը, որը հաջորդ օրը հայտնաբերվել, բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Նա ձերբակալվել էր: