Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից հայ պատանիները 3 մեդալով են վերադարձել

Ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ. ՀՀ թիմը մեդալներով է հայրենիք վերադարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայ պատանիները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով են վերադարձել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հայ դպրոցականները 2 արծաթ և 3 բրոնզ են նվաճել աստղագիտության միջազգային օլիմպիադայում

«Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ։ ՀՀ թիմը նվաճել է 3 մեդալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի սան` Արայիկ Խալաթյանը։ Հայաստանի թիմը ղեկավարում էին ԵՊՀ-ից Ալբերտ Սահակյանը և Լևոն Մուրադյանը, իսկ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկված էր օլիմպիադայի միջազգային կոմիտեի կազմում։

Նշենք, որ մրցույթն անցկացվել է երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում աշակերտները ծրագրավորման որևէ լեզվով կատարել են 3-ական առաջադրանք։ Մրցույթին կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ յուրաքանչյուր երկրից՝ բացառությամբ ընդունող երկիրը (2 թիմ, 8 աշակերտ)։

Լավ լուր` Արայիկ Հարությունյանից. բոլոր երեխաները Հայաստան են վերադառնում մեդալներով

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-9-ն էլ Հունգարիայի Կեստհեյ քաղաքում անցկացվել էր «Աստղագիտություն» առարկայի միջազգային 13-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: