Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումն է սպասվում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի գնահատմամբ` տարվա ընթացքում բանակցային գործընթացը բավական դինամիկ է եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Մոտ ժամանակներս ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Փաշինյանի ասածը սխալ եք հասկացել. Զոհրաբ Մնացականյան

Նրա խոսքով` դեռ հստակ ժամկետներ չի կարող նշել, քանի որ այդ մասին հայտարարությամբ պետք է հանդես գան երկու պետությունները միասին։

«Այս տարվա ընթացքում բանակցային գործընթացը, իմ գնահատմամբ, բավական դինամիկ է եղել: Մենք բանակցային գործընթացը սառեցնելու մտադրություն չունենք։ Անցյալ տարվա մայիսից սկսած` որևէ ընդմիջում չենք վերցրել, որևէ խնդիր չենք ունեցել անմիջապես ներգրավվելու բանակցային գործընթացում»,–ասաց նախարարը։

Նա նշեց, որ չի կարող ասել` երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում առաջիկայում ծրագրում են: Հիմա, ըստ նրա, հայկական կողմի նպատակը ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելն է։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, ապա այս հարցում էլ, Մնացականյանի պնդմամբ, Հայաստանը իր դիրքորոշումներում բավական հետևողական է։

Ինչպես գերիները վերադարձան Հայաստան ու Ադրբեջան. ուշագրավ կադրեր անցյալից. տեսանյութ

«Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու կարգավիճակի, մեր դիրքորոշումների ու մոտեցումների մասին: Մենք խոսել ենք, թե ինչ է նշանակում կարգավիճակ, անվտանգություն, ինչ է նշանակում խաղաղությանը այլընտրանք չկա, խաղաղությանը նպաստող միջավայր, Ղարաբաղի մասնակցություն... Այս ամենի մասին մենք տարբեր առիթներով ենք խոսել, սակայն միշտ նույն բանն ենք ասել»,–նշեց նախարարը:

Նրա խոսքով` այս ամենի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է խոսել Ստեփանակերտում:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի մեկնաբանություններին բանակցային գործընթացի հետ կապված, ապա, նախարարի խոսքով, իր համար անընդունելի են բոլոր մեկնաբանությունները, որոնք անցնում են քաղաքավարության չափերը:

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վաշինգտոնում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Ինչ պետք է անի Ադրբեջանը, եթե շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ. ԱԳ նախարար

Դրանից առաջ Մնացականյան–Մամեդյարով հանդիպում կայացել էր մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։