ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է փրկարարների աշխատավարձերի բարձրացման մասին։
«Փրկարարի ստացած աշխատավարձն ու կատարած աշխատանքը խիստ անհամարժեք են: Կրակի մեջ մտնողները 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում»,–ասել է Զարգարյանը։
Ըստ նրա`փրկարարների՝ հատկապես վերջին ամիսների աշխատանքը հերոսություն է։
Ինչ վերաբերում է տեխնիկապես վերազինմանը, ըստ Զարգարյանի` սա այնպիսի ոլորտ է, որ արդիականացման խնդիր միշտ է լինելու։
«Նոր կառավարությունը կարծեք թե մոտեցում ունի օժանդակելու հրշեջ–փրկարարներին։ Կառավարության նախորդ նիստում 1 մլրդ 173 մլն հատկացվեց, որպեսզի 32 հրշեջ-փրկարարական շենքեր ու շինություններ հիմնովին վերականգնվեն»,-նշել է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպումից հետո Facebook-ի իր էջում գրել էր, որ փրկարարների աշխատավարձը կբարձրանա։ Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում է կայացվել։
Հրշեջ փրկարարի` կյանքի հետ «խաղն» ու ցածր աշխատավարձը. ինչ էր խոստացել Փաշինյանը
Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով:
Հիշեցնենք, որ կառավարության՝ մարտի 4–ի նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը բարձրացրել էր փրկարարների ցածր աշխատավարձի հարցը։