Շենգավիթում հնչած կրակոցների դեպքով «Դոն Կիխոտի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Շենգավիթում հնչած կրակոցների գործով մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական տարածքում օգոստոսի 25–ին հնչած կրակոցների հետևանքով ռեստորանի տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Արդեն հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով մեկ մարդ էր մահացել։ Մահացածը, ըստ լուրերի, «թաղային հեղինակություն» է, իսկ մեղադրյալը` «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը։ Կա ևս մեկ մեղադրյալ։

Երևանում հնչած կրակոցների և վիճաբանության մասնակիցների ինքնությունը հայտնի է. տեսանյութ

«Ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ռեստորանի տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և 332-րդ հոդվածի 2-րդ մասով` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը։

Եվս մեկ անձ՝ Երևանի բնակիչ՝ ծնված 1976թ., ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանության և 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան և հայտարարվել հետախուզում:

Սոթքի հանքավայրի աշխատակիցը մահացել է աշխատանքի գնալիս. նա ընկել է ավտոբուսից

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. օգոստոսի 25-ին ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ, որոնցից մեկը մահացել էր։

Նախաքննությունը շարունակվում է: