Աշխատող ծնողների հոգսը կթեթևանա. մանկապարտեզներում երկարօրյա ծառայություն կլինի

17։30–ից 19։00 ընկած ժամանակահատվածում երեխայի` մանկապարտեզում մնալու համար ծնողները պետք է վճարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Սեպտեմբերի 1-ից Երևանի նախադպրոցական հաստատություններում կգործի երկարօրյա ծառայություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը Երևանում 20% կբարձրանա. Մարության

«Քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ այսուհետ Երևանի մանկապարտեզներում կգործի նաև երկարօրյա ծառայություն։ 17։30–ից 19։00 ընկած ժամանակահատվածում երեխայի` մանկապարտեզում մնալու համար ծնողները պետք է վճարեն ամսական 5000 դրամ»,–ասաց նա։

Նրա խոսքով` մանկապարտեզների երկարօրյա ծառայությունից օգտվելու համար, սակայն, պետք է նվազագույնը 5 հոգանոց խումբ ձևավորվի։

Կուբատյանը հայտնեց նաև, որ այն դաստիարակները, որոնք այդ ժամերին հավելյալ կզբաղվեն երեխաների հետ, նույնպես ավել կվարձատրվեն։

Երևանում 8000 երեխա սպասում է, որ մանկապարտեզ գնա

Հիշեցնենք, որ հունիսի 26–ին Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Երևանում 8000 երեխա սպասում է մանկապարտեզների իրենց հերթին։