Արջի և քոթոթների զբոսանքը, վայրի խոզերի ըմբշամարտն ու ընձառյուծի ֆոտոսեսիան. «Խոսրովի անտառ»

Խոսրովի անտառում տեղադրված ֆոտոթակարդներն արձանագրել են արգելոցի բնակիչների կյանքի դրվագները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Վայրի բնության հիմնադրամի (WWF) տեղադրած ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծին։ Վայրի կենդանու եզակի լուսանկարները հրապարակվել են արգելոցի Facebook-յան էջում։

«Ընձառյուծը հայտնվել էր արգելոցում 21 հունվարի 2018թ.-ին և մինչ օրս գտնվում է պետական արգելոցի տարածքում»,– հիշեցնում են Խոսրովի անտառից։

Մեկ այլ հրապարակման մեջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հրապարակել է ֆոտոթակարդի արձանագրած գորշ արջի ու նրա 2 քոթոթների անտառային զբոսանքի մի քանի ակնթարթները։

Մեկ այլ հրապարակում էլ արվել է Վայրի բնության հիմնադրամի (WWF) Facebook-յան էջում։ Տեսանյութը հանրայնացրել է ընձառյուծի խնամակալ Գառնիկ Գևորգյանը` վերնագրելով այն «Զայրացած խոզուկները»։

Տեսանյութում պատկերված է վայրի խոզերի մարտական խաղերից մի հատված։