ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վերջին կարգադրությանը, որը հասցրել է մեծ աղմուկ հանել։
Դրանով Միրզոյանը չեղարկել էր ԱԺ աշխատակիցների ազատման հրամանագրերը, որոնք, ըստ մամուլի, ապօրինի են եղել։
«Նրանց, ում առանց օրինական հիմքի ուղարկել էին կադրերի ռեզերվ, վերադարձան իրենց աշխատանքին, հաստիքացուցակը կլրացվի օրենքի շրջանակներում ,– «Հրապարակի» փոխանցմամբ ասել է ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը,– այդ տխուր ավանդույթը, որ ԱԺ նախագահի կարգադրությունները չեն հրապարակվում, մենք ժառանգել էինք նախորդ աշխատակազմից։ ԱԺ աշխատակազմը, գլխավոր քարտուղարությունն իներցիայի ուժով, շարունակում էր նույնն անել»։
Օրաթերթի հարցին, թե արդյո՞ք «իներցիայով գործելու» համար կպատժվի ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, Կոստանյանն ասել է, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ ծառայողական քննություն կիրականացվի՝ պարզելու, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։