Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Վանեցյանը մանրամասներ հայտնեց

Գագիկ Խաչատրյանը միլիոնավոր դոլարներ է վատնել` պաշտոնեական դիրքը չարաշահելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տանը, նրան պատկանող տարածքներում տեղի ունեցող խուզարկությունից հետո, նա բերման կենթարկվի ԱԱԾ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում ԱԱԾ–ն հատուկ գործողություններ է իրականացնում

«Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը խուզարկություններ է իրականացնում Խաչատրյանին պատկանող առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում։ Այս պահին խուզարկություն է ընթանում Ֆինանսների նախկին նախարարի`Ծաղկաձորում գտնվող տանը։ Խուզարկության ավարտից հետո նա բերման կենթարկվի»,–ասաց նա։

Վանեցյանի խոսքով` նրա դեմ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի վատնման, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։

Արթուր Վանեցյանը հայտնեց նաև, որ Խաչատրյանն այդ խախտումներն արել է պաշտոնավարման տարիների ընթացքում։ «Չի բացառվում, որ նրա դեմ հարուցված մեղադրանքը կլրացվի նաև այլ հոդվածներով։ ԱԱԾ–ն պատվերով կամ ցանկություններով որևէ մեկին չի ձերբակալում. կատարվել է մեծ ծավալի աշխատանք, կան ապացույցներ, որոնք մեզ թույլ են տալիս նման գործողությունների դիմել։ Խաչատրյանն իր դեմ հարուցված քրգործի շրջանակներում մի քանի անգամ քննչական դեպարտամենտ է հրավիրվել, որպես վկա հարցաքննվել»,–ասաց նա։

Ֆինանսների և գյուղատնտեսության նախկին նախարարներին մեղադրանք է առաջադրվել. «Հետք»

Վանեցյանը տեղեկացրեց նաև, որ, օրինակ, Կարեն Խաչատրյանի տանն էլ է խուզարկություն կատարվում. Խաչատրյանն աշխատել է ՊԵԿ–ում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի բարեկամն է։  Կարեն Խաչատրյանը նույնպես բերման կենթարկվի։

Վանեցյանի հավաստմամբ` Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվում։

Հիշեցնենք, որ Խաչատրյանը 2008-14թթ. եղել է ՊԵԿ նախագահ, իսկ 2014–16թթ.` ՀՀ ֆինանսների նախարար։