ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի–Sputnik, Արմենուհի Մխոյան. ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում կառուցվում է հայկական եկեղեցի: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը սկսվել են 2000-ի հունիսին: Շինարարական աշխատանքները հիմնականում ֆինանսավորում են հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Արա Արսենյանի գլխավորությամբ:
«Մեր համայնքի հիմնական խնդիրը հայապահպանությունն է: Ունենք հայկական դպրոց, սակայն էլ ի՞նչ հայ համայնք առանց եկեղեցու: Հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են: Հավանաբար, հաջորդ տարի այն շահագործման կհանձնվի»,- Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Արա Արսենյանը:
Նշենք, որ եկեղեցին ունենալու է 27 մ բարձրություն: Հազար քառակուսի մետր ունեցող տարածքում գործելու է նաև մշակույթի կենտրոն: Արդեն տեղադրված է եկեղեցու խաչը, մեկնարկել են ներքին հարդարման աշխատանքները: Նովոչերկասկը մինչ այս հայկական եկեղեցի չի ունեցել, իսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները եկեղեցի են գնացել Ռոստովում:
Ի դեպ, Նովոչերկասկի պատվավոր քաղաքացի Արա Արսենյանն առաջին անգամ ներդրումային ծրագրով Հայաստանում է: Արմատներով արմավիրցի գործարարը Ծաղկաձորում կառուցում է 23 հազար քառակուսի մետր տարածքով հյուրանոցային համալիր՝ 17 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Վստահեցնում է՝ ամեն ինչ հարթ ընթանալու դեպքում նախատեսում է նաև նոր ճոպանուղու կառուցում: «Այս պահին, ամեն ինչ նորմալ է ու որևէ խնդիր չկա: Հնարավոր է՝ նաև Գյումրիում այլ ծրագիր իրագործենք: Կարծում եմ` նոր ներդրումներ էլ կլինեն»,-նշեց Արա Արսենյանը: Գործարարը Ռոստովի մարզ է մեկնել 1977 թվականին:
Գինի, կոնյակ, մրգեր, կամ «Armenia» ավիաընկերությունը գտել է ռուսաստանցիների «թույլ տեղը»
Նովոչերկասկը մեծ արդյունաբերական քաղաք է, ունի նաև մշակութային, կրթական ու մարզական պոտենցիալ: Քաղաքում մեծ դեր ունի հայկական համայնքը` ավելի քան 5500 բնակչությամբ այն երկրորդ մեծ համայնքն է Այժմ քաղաքում գործում է մշակութային կենտրոն եւ կիրակնօրյա դպրոց: