«Որոշ մարզիկներ ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական հավաքի պլանը կազմվի իրենց ցանկությամբ, մրցումների անցկացման վայրն ընտրվի իրենց հայեցողությամբ, մրցումների մասնակիցների կազմը նույնպես որոշվի իրենց ցանկությամբ: Մի խոսքով` նման լիքը տհաճ երևույթներ: Պարզ ասած՝ կազմակերպվել է դավադրություն»,- ցավով նշում է վաստակաշատ մարզիչը:
Պատճառը Լևոն Ջուլֆալակյանին հասկանալի է, բայց ինչ-որ տեղ նաև անհասկանալի: Ըստ նրա՝ եթե մարզիկները կիսվում են երկու բևեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը, և իր բնավորության տեր մարդը նման ընտրանու հետ չի կարող շարունակել աշխատանքը:
«Ես իմ ամբողջ աշխատանքային տարիների ընթացքում եղել եմ պահանջկոտ և՛ իմ, և՛ մյուսների նկատմամբ, միշտ պահպանել եմ կարգուկանոն, միշտ ձգտել եմ հասնել բարձր արդյունքների: Պահանջել եմ բոլորից և ինքս արել եմ նույնը»,- ասում է Լևոն Ջուլֆալակյանը:
Մարզչի համոզմամբ՝ եթե հիմա հավաքականում կան մարզիկներ, ովքեր կարծում են, որ իրենք արդեն տիրապետում են և՛ մարզչական գործին, և՛ մարզիկներին առնչվող աշխատանքին, լիարժեքորեն պատկերացնում են, թե ինչպես պետք է պատրաստվեն մրցաշարերին և ինչպես ելույթ ունենան, ուրեմն այս պարագայում մարզչի դերակատարությունը վերանում է: