ԵՐԵՎԱՆ, 26 Օգոստոս — Sputnik. Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխաներ են տուժել։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը` երեկ՝ օգոստոսի 25-ին, ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում բախվել են Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի 89 AG 889 համարանիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Արման Ս.-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի 35 QF 226 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, իսկ «Mitsubishi Grandis»-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Էլեն Պ.-ն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ «Mercedes»-ի վարորդ Արմեն Գ.-ն տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն:
Իսկ նրա մյուս ուղևորներ, 6-ամյա Ռոման Ս.-ն, 8-ամյա Բեատրիսա Ս.-ն և 2-ամյա Ավրորա Ս.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: