Իներցիայով շարժվող տնտեսությունը. ի՞նչ է թաքնված հրապարակված ցուցանիշների հետևում

Տնտեսագետ Արա Գալոյանը պետական այրերի լավատեսությունը չի կիսում։ Սոցիալ - տնտեսական պաշտոնական ցուցանիշներն, ըստ նրա, վկայում են միայն, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Հայաստանյան տնտեսության մեջ առայժմ ոչ մի բան չի փոխվել, այն շարունակում է առաջ շարժվել իներցիայի ուժով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման եզրահանգում արեց տնտեսագետ Արա Գալոյանը` մեկնաբանելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին սոցիալ–տնտեսական ցուցանիշները։

Նշենք, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներն այսօր իրենց facebook-յան էջերում վերահրապարակել էին ՀՀ վարչապետն ու փոխվարչապետը` հիմնականում առանձնացնելով աճ արձանագրած ոլորտները։

Հայաստանին պետք է իր «Ամերիկան», կամ Փաշինյանի թվերն ու իրականությունը

Տնտեսագետ Արա Գալոյանը, սակայն, պետական այրերի այս լավատեսությունը չի կիսում։

«Ես անընդհատ փորձում եմ տնտեսության կառուցվածքի մեջ փոփոխություն տեսնել բոլոր վիճակագրական հրապարակումներում, բայց դեռ չեմ տեսնում։ Տնտեսությունը մեծ իներցիա ունեցող երևույթ է։ Եթե անգամ ինչ–որ բան եք փոխում, ինքն իր իներցիայով պիտի շարունակի աշխատել, մինչև դուք նոր բան հորինեք, իսկ նոր բանը չեմ տեսնում»,– ասաց Գալոյանը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար–հուլիս ամիսների ընթացքում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.8%-ով։

Ընդ որում` ամենամեծ աճը գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտներում` կազմելով 33.8%, ծառայությունների ոլորտն աճել է 15.2, առևտուրը` 8.9%–ով։ Աճի ցուցանիշներով երրորդ տեղում արդյունաբերությունն է` 8.4% աճով։ Իսկ շինարարության աճը կազմել է 4.5%։

Փաշինյանը ներկայացրել է տնտեսական աճի երկու հիմնական պատճառները

Տնտեսագետ Արա Գալոյանը հատուկ ուշադրություն հրավիրեց վերջին ցուցանիշի վրա` նշելով, որ շինարարության ծավալը մեր երկրում շարունակում է դանդաղ աճել։ «Մենք խոսեցինք հիփոթեկային վարկերի խթանման մասին, տոկոսադրույքները նվազեցրեցինք, բայց եթե նայենք շինարարության իրական ծավալներին, իսկապես շինարարությունն ավելանում է միայն բնակչության համար կատարվող ` բնակելի շենքերի շինարարության հաշվին»,– ասաց Գալոյանը։

Ընդ որում` միայն բնակչության հաշվին աճող շինարարությունը, նրա դիտարկմամբ, կարող է ֆինանսական խնդիրների հանգեցնել, որովհետև մնացած ոլորտներում համահունչ աճ չի գրանցվում։

Տնտեսական աճի «խադավոյին նայեք». ի՞նչն է մտահոգել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին

Արտաքին առևտրի շրջանառությունը հունվար-հուլիսին 2018թ.–ի նույն ցուցանիշի համեմատ ավելացել է ընդամենը 2.3%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 3 %-ով, ներմուծումը՝ 1.9%-ով:

Հետաքրքրական է, որ միայն այս տարվա հուլիսին Հայաստանից արտահանումների ծավալն ավելացել է 19.5%–ով։

Արա Գալոյանի գնահատմամբ` նման կտրուկ աճը ամառային սեզոնի արտահանումների արդյունքն է։ «Լարսում կանգնած բերքն արդեն արտահանված է համարվում»,– արտահանման վիճակագրության առանձնահատկությունն այս կերպ բնութագրեց տնտեսագետը` ակնարկելով, որ արտահանման ճանապարհին հնարավոր դժվարություններն ու անհաջողությունները դրանում չեն արտացոլվում։

Սեզոնային յուրահատկություններով է Արա Գալոյանը մեկնաբանում նաև վերամշակող արդյունաբերության (8.7 %) և օդային ուղևորափոխադրումների (28.2%) աճը:

Որքան աշխատավարձ են ստանում մարդիկ ԵԱՏՄ երկրներում

Մինչդեռ, արդյունաբերության իրական ծավալների անբավարար աճի մասին, նրա դիտարկմամբ, վկայում է վիճակագրական կոմիտեի արձանագրած մեկ այլ իրողություն, ըստ որի` այս տարվա 7 ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5%–ով։ Արա Գալոյանի բնորոշմամբ` չկա արտադրություն, չկա էլեկտրաէներգիայի սպառում։

«Էներգետիկայի ոլորտը, փառք Աստծո, պարզվեց, որ դեռ պրոֆեսիոնալները կարողանում են կարգավորել։ Բայց սպառում չունենք, դրա համար էլ չի ավելանում արտադրությունը»,– ասաց նա։

Ինչ ցուցանիշներ է գրանցել Հայաստանի տնտեսությունը 2019թ.-ի առաջին կիսամյակում

Տնտեսագետին անհանգստացնում է նաև տարվա ընթացքում արձանագրված ցածր գնաճը և ի հավելումն դրա` ազգային դրամի անընդհատ կայունացումը։

Արտարժույթի նվազումը, Արա Գալոյանի կանխատեսմամբ, դրական արդյունքների չի հանգեցնի, և ծանր խնդիրներ կառաջացնի արտահանումների ու ներդրումների համար։

«Մի երկրում, որտեղ բերում ես դոլար, որն արժե 480 դրամ, մի ամիս հետո մի դոլարը դառնում է, ասենք` 745 դրամ, ես այդ երկիր դոլար չեմ բերի։ Սա կհանգեցնի տնտեսության կրճատմանը»,– իր տեսակետն այսպես է հիմնավորում Գալոյանը։

Ի դեպ, հրապարակված պաշտոնական տվյալներով, 1 դոլարի արժեքը մեր երկրում մայիսին եղել է 480.55 դրամ, հունիսին` 478.47, իսկ հուլիսին այն նվազել է մինչև 476.50 դրամ։

Նշենք նաև, որ 2019–ի ընթացքում Հայաստանում սպառողական գներն աճել են 1.9%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը` 5.9 %-ով, ինչն ամենայն հավանականությամբ պայմանավորված է պետական որոշ աշխատողների աշխատավարձերի ավելացմամբ։ Մինչդեռ, մասնավոր հատվածում աշխատավարձերը գրեթե չեն փոփոխվել։