Անկախ հետազոտող, փորձագետ Վազգեն Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի հարևանությամբ գտնվող՝ պատմամշակութային հուշարձաններով հարուստ տարածքի ճակատագրին:
Վազգեն Գևորգյանը, մասնավորապես, նշել է, որ ինքը նշված տարածքում է եղել, տեսել է՝ ինչպես են տեխնիկայի միջոցով հնավայրում իրականացնում հողահարթեցման աշխատանքներ: Հասկանալով, թե ինչ է կատարվում պատմամշակութային արժեք ներկայացնող տարածքում, Գևորգյանն անմիջապես վերադարձել է Երևան, Facebook-ում գրառում կատարել ու դիմել պատկան մարմիններին:
«Քանի որ արձագանքը շատ մեծ էր, ինձ հետ կապ հաստատեցին Մշակույթի նախարարության ներկայացուցիչները, հարցը բավական արագ լուծում ստացավ: Նրանք արդեն գտել էին նախապես կառավարություն ուղարկված իմ նամակները, ծանոթացել էին բուն խնդրին, հետևաբար, նրանց հետ մեկնեցի նշված տարածք, որտեղ դադարեցվեցին շինարարական աշխատանքները»,- նշում է Վազգեն Գևորգյանը:
Հարցին միջանկյալ լուծում է տրվել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջամտությամբ:
«Դեռ այն ժամանակ գտնվել էին մարդիկ, ովքեր ցանկանում էին հնավայրում քոթեջներ կառուցել, ուստի քանդել էին անգամ դամբարանները»,- տեղեկացնում է Վազգեն Գևորգյանը:
Փորձագետի փոխանցմամբ՝ ինքն առաջին նամակը գրել է դեռ 2004 թվականին, սակայն նախկին իշխանությունների օրոք խնդրի նկատմամբ ցուցաբերվել է քար անտարբերություն:
Արցախում շինարարության ժամանակ հնագույն դամբարան է հայտնաբերվել