ԵՐԵՎԱՆ, 26 Օգոստոս — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղի խմելու ջրի հարցը լուծելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Արդեն հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտից Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի (M 6)՝ Արճիս գյուղի հատվածը։ Խնդիրն այն է, որ համայնքն անտառից եկող աղբյուրներից էր ջուր ստանում, սակայն հիմա այդ աղբյուրները չորացել են, ինչի պատճառով խմելու ջրի խնդիրի առաջ են կանգնել։
«Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։ Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և երկարատև լուծման համար։
Մասնավորապես, այս պահին ստացված տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող՝ այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը, ինչպես նաև որպես հիմնարար լուծում՝ նոր պոմպակայան և ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների պահանջով։
«Նիսյայով», բայց ժպիտով. ինչպես են արագածավանցիներն ապրում առանց խմելու ջրի. տեսանյութ