Ադրբեջանի «սև ցուցակը» կհասցնեմ 1000-ի. ԵԽ պատգամավորն Արցախ է այցելել մեծ խմբով

ԵԽ պատգամավորը 25 հոգանոց խմբով Արցախ է այցելել` իր հայրենակիցներին Արցախը ներկայացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից մեկը 25 հոգանոց խմբով Արցախ է ժամանել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը։

Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված Ֆրանկ Էնգելը «հայացել» է և դարձել Էնգելյան

«ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոննեբորնին։ Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորը, ինչպես և խոստացել էր, այս անգամ Արցախ է ժամանել 25 հոգանոց խմբով՝ նպատակ ունենալով աջակցելու զբոսաշրջության զարգացմանը և իր հայրենակիցներին ծանոթացնելու մեր երկրին»,–գրել է նա։

Նա հայտնում է նաև, որ պատվիրակությունն Արցախում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի և գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ Զոննեբորնն Արցախ էր այցելել 2018թ.–ի օգոստոսի 29–ին։ Նա հայտնել էր, որ տեղյակ է Ադրբեջանի` «սև ցուցակում» կան ավելի քան 700 անձինք, և ծրագրում է հաջորդ տարի Արցախ այցելել զբոսաշրջիկների մեծ խմբով՝ նպատակ ունենալով 1000-ի հասցնելու այդ ցուցակը։ Նա նշել էր, որ հայերին այնքան է գնահատում, որ հայուհու հետ է ամուսնացել։