ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. «ՍՈՍ» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզի Ծավ գյուղում բռնկված մոլեգին հրդեհի դեպքի վայրից։ Տեսանյութը` մտահոգիչ մեկնաբանություններով, տարածել է ավելի քան հազար օգտատեր։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻՆ-ից նշեցին, որ այսօր առավոտյան բռնկված հրդեհը այժմ մոտենում է Շիկահողի արգելոցին և շարունակում է տարածվել։
«Դեռևս փրկարարներին չի հաջողվել մեկուսացնել հրդեհը։ Այժմ տեղում երկու մարտական հաշվարկ է աշխատում, ինչպես նաև «Հայանտառի», «Զանգեզուրի կենսոլորտային համալիրի» ՊՈԱԿ-ի աշխատողները, զորամասի զինծառայողները»,- ասացին ԱԻՆ-ից։
Ֆեյսբուքում տարածված տեսանյութում Հայկ Բարսեղյանը պատմում է, որ ԱԻՆ-ից ընդամենը մեկ մեքենա է տեսնում և մոտակա հանքերի և այլ հիմնարկների աշխատողներին հրավիրում է միանալ հրդեհաշիջման աշխատանքներին։
Հրշեջ փրկարարի` կյանքի հետ «խաղն» ու ցածր աշխատավարձը. ինչ էր խոստացել Փաշինյանը
«Մենք երևի ամեն օր մեր աշխատանքներից բողոքող քաղաքացիների ենք բախվում, ինչը անհասկանալի է, քանի որ ԱԻՆ-ի յուրաքանչյուր աշխատող շատ սրտացավորեն է մոտենում մեր ամեն ծառին ու ջրին։ Կարծում եմ` իրապես սրտացավ մարդը հրդեհը չի նկարի, որովհետև զբաղված կլինի այն հանգցնելուն օգնելով։ Իսկ ինչ վերաբերում է հավելյալ ուժերին՝ եթե անհրաժեշտություն լինի, նրանք կլինեն տեղում»,- նշեց ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։
Նշենք, որ հրդեհն ընդգրկում է մոտ երկու հեկտար տարածք։