Անկարայում հայտնել են ռուսական С-400 ԶՀՀ–երի հերթական խմբաքանակի մատակարարման ժամկետը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնաբանել է С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը շարունակելու մասին հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 Օգոստոս — Sputnik. Ռուսաստանը С-400 երկրորդ խմբաքանակի առաքումը Թուրքիա կսկսի  երեքշաբթի։ Այս մասին, ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

ԱՄՆ–ն իր քաղաքացիներին զգուշացրել է` Թուրքիա չգնալ

Նախորդ խմբաքանակը առաքվել է այս տարվա հուլիսին։ Ընդհանուր առմամբ գործարքի շրջանակում Մոսկվան Թուրքիային С-400 ԶՀՀ–երի 4 դիվիզիոն կմատակարարի։

Դեռևս 2017 թվականին կնքած գործարքի արժեքը 2.5 մլրդ դոլար է կազմում։ Այդ գումարի մի մասը թուրքական կողմը կվճարի անձամբ,մյուս մասը` ռուսական վարկի հաշվին։

Գործարքը կնքելուց անմիջապես հետո ԱՄՆ–ն դեմ էր հանդես եկել  և սկսել պատժամիջոցներով սպառնալ Անկարային` ռուսական սպառազինություն ձեռք բերելու համար։

Ներսիսյան.«С-400-ից հրաժարվելու դեպքում ռուս–թուրքական հարաբերությունները կսառեն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 18-ին հայտարարել էր, որ ամերիկյան կողմը դադարում է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել։ Դա ԱՄՆ պատասխանն էր Անկարային` ռուսական С-400 համակարգերի մատակարարման դիմաց։

Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին հայտարարել էր, որ Վաշինգտոնի այդ որոշումը անուղղելի վնաս կհասցնի երկկողմ հարաբերություններին։