ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում` «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ավտոմեքենաներից մեկը շրջվել է, ուղևորը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Օգոստոսի 24-ին, ժամը 09:43-ի սահմաններում,Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում բախվել են «Mercedes C200» (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) և «Mercedes C200» (վարորդ՝ Արտյոմ Ա., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է: Ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ավտոմեքենաներից մեկի գազի բալոնի փականը և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Վարդան Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Արտյոմ Ա.-ինը` բավարար: