ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրին այսօր հերթական անգամ նշում է «Գյումրու օրը»: Կազմակերպիչները գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին, խոստանում են գյումրվա համ ու հոտով միջոցառումներ։
«Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Տոնական օրվա առավոտը սկսվել է հյուրերի դիմավորմամբ՝ երգ ու պարով: Այնուհետ երգչուհի Նունե Եսայանը երաժշտական գործիքներ կնվիրի Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցին:
Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է: Նորաբաց Շիրազի փողոցում գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Այսօր յուրովի կներկայանան նաև քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17։00-23:00 տեղի կունենա տոնական համերգ: «Քաղաքի օր» միջոցառմանը ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետը:
Լինելու են հյուրեր ոչ միայն հանրապետության տարբեր համայնքներից, այլ նաև տարբեր երկրներից: Ի դեպ, օգոստոսի 24-ին արդեն Գյումրիում էին առաջին հյուրերը քույր քաղաքներից՝ չինական Սիանից և ռուսական Նովոչերկասկից:
8 մլն դրամ` Գյումրու օրվա համար.ինչ միջոցառումներ են լինելու. քաղաքապետը փակագծեր է բացում
Միջոցառումների հետ կապված օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են Գյումրու կենտրոնական մի քանի փողոցներ։ Քաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև ուշ գիշեր, իսկ մայրաքաղաքից հյուրերի այցը ապահովվելու համար միայն օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ ՝ միանգամից 2 գնացք է լինելու՝ 9:00 և 9:40, իսկ վերադարձը Երևան 23:15 և 23:45-ին: