ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Գյումրիում «Քաղաքի օր» տոնակատարությունների շրջանակում այսօր շահագործման հանձնվեց Հովհաննես Շիրազ փողոցը:
Փողոցի կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծի զավակներին։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի հետ։
Նշենք, որ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: 700 մետր երկարություն ունեցող փողոցում իրականացվել են փողոցի երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը նոր է կառուցվել, իսկ մի մասը վերականգնվել է: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետնյա, հին հենասյուները փոխարինվել են նորերով:
Հիշեցնենք, որ փողոցի նորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով։ Նախնական որոշմամբ փողոցը սալիկապատվելու էր այնպես, ինչպես «Ռուսթավելի» փողոցը, ավելի ուշ ֆինանսական միջոցների սղության պատճառով որոշվեց փողոցը ասֆալտապատել կարմիր ասֆալտով, սակայն «թավշյա հեղափոխությունից» հետո այդ ճոխությունից ևս հրաժարվեցին: