ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. «Մալաթիա մոլի» շենքում խոշոր հրդեհ է հրդեհ է բռնկվել: Կան բազմաթիվ տուժածներ:
Այս պահին տեղում աշխատում են հրշեջ-փրկարարներն ու շտապօգնության բրիգադներ: «Աստղիկ» ԲԿ-ից Sputnik Արմենիային ասացին, որ տուժածների հոսքն իրենց մոտ այս պահին այնքան մեծ է, որ հարցերի չեն կարող պատասխանել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է Հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճանի մասին։
«Ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս պահին ևս 5 մեքենա է մեկնում դեպքի վայր։
Հրդեհը բռնկվել է նկուղային հարկում և գնահատվում է բարձր աստիճանի:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` հրդեհը բռնկվել է Մալաթիայի «Վեգա» խանութների սրահում։
Ավելի ուշ ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Աստղիկ» ԲԿ 6 տուժած է տեղափոխվել, որից 2-ը տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն: