«Մենք ենք տերը մեր երկրի»․ Երևանում Ամուլսարի շահագործման դեմ երթ անցկացվեց

Երևանի կենտրոնում ակտիվիստները երթ են անցկացնում։ Նրանք պահանջում են փրկել Ամուլսարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Մի քանի հարյուր մարդ երթ է անցկացնում Երևանի կենտրոնական փողոցներում ու հայտնել իրենց բողոքը Ամուլսարի հանքի շահագործման դեմ։

Նրանք վանկարկում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի» ու «Ամուլսար՝ մնա սար»։

«Ամուլսարն առանց հանքի». ակտիվիստները Ջերմուկում վարչապետին վանկարկումներով դիմավորեցին

Ակտիվիստները նաև կոչ էին անում բոլորին միանալ իրենց ու փրկել սարը։

Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։

Օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

ՄԻՊ–ն ահազանգեր է ստացել Ջերմուկում ոստիկանական ուժերի կուտակումների մասին

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ քաղաք և հարակից համայնքներ՝ Ամուլսարի խնդրով խոսելու բնակիչների հետ, ինչից հետո ամփոփել էր այցը և եզրահանգումներ ներկայացրել։ Նա Facebook-ի իր էջում գրել էր, որ  Ամուլսար կատարած այցի՝ իր համար ամենակարեւոր հետեւությունն այն է, որ մարդիկ գիտեն եւ վստահ են, որ ինքը ոչ մի միլիմետր չի շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից:

Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: