ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին արգելոցից` մեկնաբանելով սոցիալական կայքերում տարածված տեղեկությունները անտառում բռնկված հրդեհի մասին։
«Հրդեհը մեր տարածքի հետ ոչ մի կապ չունի։ Այս պահին հրդեհն արգելոցի տարածքից 10 կմ հեռավորության վրա է` դեպի Ուրցաձոր գյուղը»,– մեզ հետ զրույցում ասաց արգելոցի աշխատակիցը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, արգելոցի ղեկավարությունն այս պահին դեպքի վայրում է։ Արվում է հնարավորը` կրակը մեկուսացնելու, ու դրա մուտքը արգելոց՝ թույլ չտալու համար։
Նշենք, որ Sputnik Արմենիային է տրամադրվել Ուրցաձոր համայնքի բնակիչ Արա Սաֆարյանի նկարահանած տեսանյութը։ Facebook-յան օգտատիրոջ մեկնաբանությամբ՝ տեսանյութում ներկայացված է անտառի հարևանությամբ գտնվող՝ Ուրցաձոր գյուղից երևացող տեսարանը։
Ի՞նչ դաս տվեց Խոսրովի հրդեհը հայ փրկարարներին. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցնող տարին
Հիշեցնենք՝ 2017թ.–ի օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով այրվել էր անտառի գրեթե 10%–ը։ Տեղի ուժերով հրդեհը հնարավոր չէր եղել մարել։ Օգոստոսի 14-ի առավոտյան հայկական կողմն ստիպված էր եղել դիմել ՌԴ գործընկերներին։ Միայն ռուսական Իլ–76 ինքնաթիռի մասնակցությամբ օրեր անց հնարավոր եղավ մարել անտառում մոլեգնող հրդեհը։