Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Շա՞տ վայրեր գիտեք Երևանում, որտեղ կողք-կողքի աճեն Հովհաննես Շիրազի ու Սոս Սարգսյանի, Ազատ Շերենցի ու Մհեր Մկրտչյանի տնկած խաղողի վազերը` Վիկտոր Համբարձումյանի, Պարիս Հերունու և Առնո Բաբաջանյանի, Համո Սահյանի, Նորայր Մուշեղյանի և Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի, տնկած ծիրանենիների հարևանությամբ: Դա վարպետ Վահանի «Ժայռեղեն այգում» է:
Sputnik

Երևանի գինու կոմբինատի (ժամանակին՝ «Արարատ»), ներկայիս «Նոյ» գործարանի պատկից հարևանն է այս այգին՝ մարդու արարչական բնույթի ու ստեղծագործ մտքի վկայությունը, տքնանքով, աշխատասիրությամբ և բնատուր շնորհքով հղկված, ստեղծված: Եթե չիմանաս, այդպես անտեղյակ էլ գուցե կանցնես ջրանցքի երկայնքով, գինու գործարանի պատի կողքով, որի տեղում դարեր առաջ Երևանի բերդի մի մասն է եղել: Չես մտածի, որ ծառերի ետևում ձեռակերտ հրաշք է թաքնված: Գուցե մի պահ ժայռին քանդակված Քուռկիկ Ջալալին ուշադրություն գրավի, հնարավոր է՝ արծիվը…:

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Եթե ուշադիր ես: Իսկ եթե ոչ, ապա սովորական փոքր տուն կտեսնես միայն, ճիշտ է՝ բեկորած որձաքարով շարված պատերով տուն, որ ծվարել է Ռաֆայել Իսրայելյանի շքեղ կառույցի ու վերջին տասնամյակում քիչ այն կողմ վեր խոյացած բնակելի շենքերի ստորոտում:

Այստեղ ամեն ինչն է անսովոր, միգուցե արտասովոր, ամենակարևորը՝ տպավորիչ ու դիտարժան: Այստեղ ամեն մի միլիմետր ներծծված է սիրով, արարման խորհրդով, հայրենիքով, ազգային ինքնության գերխտացած ոգով: Մենքությամբ:

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Եթե մարդը հոգի ունի, կտեսնի, թե քարի մեջ ինչ կա…

Վարպետ Վահանը՝ Վահան Ղազումյանը Իջևանից է: Արդեն հեռավոր 1947-ին, 25-ամյա գյուղատնտես-մեխանիկը գալիս է մայրաքաղաք ու հաստատվում Երևանում: Քարի հետ աշխատելու բնատուր շնորհք ունենալով` ներգրավվում է նույն գինու կոմբինատի շինարարության մեջ, իսկ հետո էլ արդեն աշխատանքի է ընդունվում այստեղ: Գինու գործարանի տարածքի բարեկարգմանն է հետևում: Այնպես, որ երբ մի առիթով Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը այցելում է գինու կոմբինատ, տպավորվում է տարածքի խնամված տեսքից, ծանոթանում վարպետ Վահանի հետ:

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Նա էլ սիրված քաղաքապետին առաջարկում է, որ գինու գործարանի անմիջական հարևանությամբ տարածքն էլ կարելի է տեսքի բերել: Ասված է՝ արված է: Բայց ինչպե՞ս:

Վարպետի որդին, ազատամարտի վետերան Սամվել Ղազումյանը պատմում է, որ աշխատանքի մեկնարկը 1971-ին է եղել, աշնանը, «Արարատի» և  Մինսկի «Դինամոյի» խաղի օրը: Տարածքում, որ տարիներ անց Շիրազը պետք է կնքեր վարպետ Վահանի «Ժայռեղեն այգի», դեռևս Շուստովի ժամանակներից շինարարական աղբ էր կուտակված՝ ջրանցքի պռնկից մինչև 12 մետրանոց ժայռի գագաթին հավասար: Վարպետ Վահանը մեկ տարի շարունակ տարածքն ազատում է տասնամյակներով կուտակված թափոնից ու անցնում գործի…

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

«Ես աշխատասիրության, նման օրինակ ոչ միայն այլևս չեմ տեսել, այլև չեմ պատկերացնում»,-ասում է Սամվելը, որ հիմա հոր թողած հրաշք այգու խնամատարն է ու պահապանը, զբոսավարը, պատմամշակութային համալիրի ավագ գիտաշխատողն ու մեկնիչը:

Քանդակները «Սասնա ծռեր» էպոսի մոտիվներով են գերազանցապես ու ամեն մեկը մյուսին շաղկապված՝ իմաստով, պատմությամբ, խորհրդով…

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Մոտենում ենք «Վարպետ Վահանի քարանձավի» ու Հացատան միջակայքում պատին իրարահաջորդ կանգնած Հայոց դիցերի քանդակաշարին: Արայից մինչև Վահագն: Ու մի քանդակ էլ՝ չեչաքարի վրա արված: «Սա ուղղակի արվեստի գործ է: Հայրս քանդակեց, դրեց, և ասաց՝ եթե մարդու մեջ հոգի կա, նա կնկատի, թե քարի մեջ ինչ կա»,-բացատրում է Սամվելն ու նկատում. «Այս չեչոտ քարից քանդակն օրը երեք անգամ դեմքի արտահայտությունը փոխում է: Առավոտը մռայլադեմ է, կեսօրին՝ երազկոտ հայացքով, երեկոյան էլ արդեն ժպտում է»:

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Զորավարի արձանի ճակատագիրը…

Ժայռի բարձունքին զորավար Անդրանիկի քանդակն է տեղադրել վարպետ Վահանը: Թե ինչ հունարով է առանց հատուկ տեխնիկայի բարձրացրել ու տեղադրել՝ միայն ձեռքի ու մտքի ուժով, հրաշք է: Բայց խորհրդային Հայաստանի իշխանությունները արձանը հանել են տվել, նույնիսկ «մարտավարական» նպատակով ներքևում դրված Լենինի քանդակը չի օգնել, որ դա չանեն: Տարել-նետել են Աշտարակի ձորը:

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Տարիներ անց մի մարդ գտել է այն ու տարել իր առանձնատան բակում տեղադրել: Էլի տարիներ անց, Սամվել Ղազումյանի որոնումները արդյունք են տվել և վարպետի որդին գտել է իր շնորհյալ հոր կերտած զորավար Անդրանիկի արձանը: Բայց խնդիր կա ու այն դեռ լուծված չէ, և զորավարի քանդակն էլ մի հայրենակցի բակում է դեռևս, այլ ոչ իր ճիշտ տեղում՝ «Ժայռեղեն այգու» բարձրակետում:

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Խաղաղության պտտվող քարը

Մեր պատմության ընթացքում ամենից շատ խաղաղության ենք ձգտել, որն ամենից քիչն ենք ունեցել: Ասենք, ոչ միայն մենք: Ու հայկական խորհրդապատկերներով զարդարված, Արեգակնային խորհրդով «Խաղաղության քարը»՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն բոլորակ գրությամբ, պտտվում է մեր մոլորակի պես՝ իր առանցքի շուրջն ու ասես ամեն պտույտով մի քիչ խաղաղություն ցողում…

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Վարպետ Վահանի «Ժայռեղեն այգին» շատ ու շատ պատվավոր, հանրահայտ այցելուներ է ունեցել, 25 հաստափոր կարծիքների գրքերն են հաստատում դա, իսկ Շիրազի, Սոս Սարգսյանի և մեր մյուս հայտնիների դեպքում՝ վկայում են նաև խաղողի վազերն ու ծիրանենիները: Մեր արվեստի, մշակույթի, գիտության ու գրականության երախտավորների պայծառ ներկայացուցիչներն են 1970-90-ականներին եկել այցի՝ տեսնելու հրաշքը, որ կերտել է ժողովրդական վարպետը, դարձել նրա համախոհն ու հոգեհարազատացել:

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Ու դու հավատում ես, որ այստեղ վաղնջական ժամանակներում, հազարավոր տարիներ առաջ տաճար է եղել, կամ պաշտամունքային վայր, որտեղ հրաշալի հինավուրց կրակարան կա ու ոչ միայն…

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Լուսահոգի վարպետ Վահանի և իր «Ժայռեղեն այգու» մասին կարելի է հատորներով պատմել: Ինքնօրինակ ոգով ներծծված այս այգում խաղաղվում ես ու չես էլ ուզում վերադառնալ քիչ այն կողմում եռացող ու աղմկոտ թոհուբոհի մեջ: Եվ ակամայից զարմանում ես, որ մինչև օրս տարբեր ժամանակների գոնե մայրաքաղաքային ղեկավարները չեն մոտեցել այս հարցին՝ լուծելու համար այն այնպես, որ այգին պահպանի իր հմայքն ու ժպտա ոչ միայն հախուռն կամ պատահաբար այստեղ հայտնվող այցելուներին, այլ շատ ավելի շատ հայրենակիցների և հյուրերի: Դա հրաշալի վերաբերմունք կլիներ վարպետ Վահանի հիշատակին, նրա 100-ամյա հոբելյանին ընդառաջ: