ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է 500 հատ 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամներ` նվիրված Ծովական Իսակովին։
Մետաղադրամի դիմերեսին Իսակովի անվան հածանավն է, ծովակալի ուսադրի աստղի, նավի ու խարսխի պատկերները, դարձերես` Ծովակալ Իսակովի դիմապատկերը, նրա դաշույնի ու գրքերի պատկերները:
Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում։ Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Ծովակալ Իսակովը (Հովհաննես Տեր-Իսահակյան, 1894-1967 թթ.) անվանի հայ զինհրամանատար է, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), ԽՄ հերոս (1965 թ.), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ:
1913 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը, 1917-ին՝ Պետրոգրադի գարդեմարինյան, 1928-ին՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Իսակովը մեծագույն ներդրում է ունեցել Սևծովյան և Բալթիական նավատորմերի մարտական գործողությունների պլանների մշակման գործում:
Ռազմածովային գործին զուգընթաց Իսակովը զբաղվել է ռազմապատմական և ռազմատեսական հարցերով, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի պատմության փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու խմբագրմանը, ռազմածովային ուժերի մարտական կանոնագրքերի մշակմանը: 1947 թ. նշանակվել է եռահատոր «Ծովային ատլասի» խմբագրական կոլեգիայի նախագահ:
Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերում ծովակալ Իսակովի անունով կա հածանավ, Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում` փողոցներ ու պողոտաներ: