«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած դատապարտյալին սավանով կախված են գտել

 64-ամյա Ժորա Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ում 64-ամյա կալանավորին կախված են գտել: Այս մասին տեղեկացանք ՀՀ Արդարադատության նախարարության կայքից:

«Օգոստոսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը հայտնաբերել է կալանավորված անձ, 25.11.1955թ. ծնված Ժորա Հակոբի Հակոբյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում»,-ասվում է նախարարության հաղորդագրութան մեջ:

Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա. 1 մահճակալ, 1 դատապարտյալ

Ժորա Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների համար:

Նա ձերբակալվել էր 2019թ.-ի հունիսի 11-ին: 3 օր անց ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և նույն օրը նա տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:

Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժորա Հակոբյանը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:

Պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել բանտախցերում արգելված իրեր թույլատրելու համար. ԱԱԾ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժիշկների կողմից ախտորոշվել է օրգանական էնցեֆալոպաթիա, հրավիրվել է հոգեբույժ, որը նշանակել է համապատասխան բուժում:

2019թ.-ի օգոստոսի 12-ից Ժ. Հակոբյանը հայտարարել էր հացադուլ և տեղափոխվել այդ նպատակով հատուկ առանձնացված խուց:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորին 3 օր անց կախված են գտել