Տոմսերի գները կարող են նվազել. կհաջողվի՞ արդյոք Ryanair-ին մուտք գործել հայկական շուկա

Փորձագետը ողջունում է Ryanair իռլանդական ընկերության` հայկական շուկա դուրս գալու ցանկությունը, սակայն նա թվարկում է մի շարք խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել լոուքոստերի գործունեությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Իռլանդական Ryanair ընկերության  հայկական շուկա մուտք գործելու դեպքում ուղևորներն հնարավորություն կունենան Հայաստանից եվրոպական երկրներ թռչել ավելի էժան սակագներով։ Բայց այս ամենը տեսականորեն, քանի որ գործնականում երկրի կառավարությունն ու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դեռ պետք է  մի շարք հարցեր կարգավորեն։ Այդ հարցում վստահ են ավիացիայի ոլորտի փորձագետները։

Նոր ավիաընկերություն է մուտք գործում հայկական շուկա

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ryanair ավիաընկերությունը մտադիր է առաջիկայում հայկական շուկա դուրս գալ։ Ավիաընկերության ղեկավարությունն արդեն բանակցում է Քաղավիացիայի կոմիտեի ու «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչների հետ։ Իսկ օգոստոսի 21–ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենի հանդիպումը։

Նույն օրը ընկերությունը հայտարարել է, որ վրացական շուկա է դուրս գալիս։ 2019 թվականի նոյեմբերի 6–ից Ryanair–ը սկսելու է ուղիղ չվերթեր իրականացնել Թբիլիսիից ու Քութայիսից։

Ryanair-ը ստեղծվել էր ավելի վաղ դեռևս 1984թ.-ին, իսկ լոուքոսթերների համաշխարհային շուկայում միշտ դոմինանտ էր անգլիական Easy Jet-ը` մինչև 2016ը , որից հետո առաջատարը դարձավ Ryanair-ը։ Ընկերությունն ունի 14700 աշխատակից և շահագործում է 450 սեփական` հիմնականում B737-800 օդանավեր։

Մոսկվա–Փարիզ չվերթն իրականացնող Air France–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

«Ryanair-ը մյուս լոուքոստերներից տարբերվում  է Իռլանդիայի կողմից ոչ ակնհայտ, բայց մեծածավալ աջակցությամբ, այդ թվում` հարկային արտոնություններով։ Իրենք ստանդարտ բիզնես պլան`շահույթ-վնասի հաշվարկներ չունեն, ավիատոմսերի ցածր գներ առաջարկում են ի հաշիվ շրջանառության, նաև հնարավոր բոլոր թռիչքային սպասարկումները հավելյալ գումարի դիմաց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց ավիացիայի ոլորտի մասնագետ Նավիկ Խաչատրյանը։ 

«Պոբեդա» ավիաընկերություն. Երևանի ուղղությամբ թռիչքներ չեն նախատեսվում

Նրա խոսքով` եթե լոուքոստերը հայկական շուկա դուրս գա, արդեն հնարավոր կլինի Երևանից եվրոպական երկրներ մեկնել ավելի էժան սակագներով։ Սակայն, ըստ փորձագետի` դա կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանի ղեկավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանը որոշակի զիջումների գնան։

Նա պարզաբանեց, որ ավիատոմսերի ցածր գների դիմաց ընկերությունը կպահանջի յուրաքանչյուր ուղևորի համար ռոյալթի (մշտական ֆիքսված տոկոս վաճառքից) վճարել։ Բացի այդ, ընկերությունն ամենայն հավանականությամբ կպահանջի չեղարկել «օդի հարկն» ու «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման համար սակագները նվազեցնել, ինչպես նաև չվերթերը  Երևանից, և ոչ թե Գյումրուց իրականացնել։

«Պոբեդա» ընկերությունը Գյումրիում վերսկսում է տոմսերի վաճառքը ձմեռային սեզոնի համար

Նշենք` դեռ 2008 թվականի դեկտեմբերի 30–ին Հայաստանում փոփոխություններ էին արվել պետական տուրքի մասին օրենքում, որի համաձայն` 2009 թվականի մարտի 29–ից Հայաստանից մեկնող բոլոր անձիք (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների, տրանզիտային ուղևորների, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների ու վետերանների, Մեծ Հայրենականում մահացածների այրիների, Հայաստանի ազգային հերոսների, ԽՍՀՄ հերոսների) «օդի հարկ» են վճարում։

Հարկը 10 հազար դրամ է կազմում, այն ներառված է տոմսի արժեքի մեջ։ 2014 թվականից լոուքոստորները գրավելու համար հարկը չեղարկվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի համար։

ՀՀ–ի ու Մալթայի միջև ուղիղ չվերթ կհաստատվի. ի՞նչ կլինի վիզաների ազատականացման հարցը

Եթե Գյումրու դեպքում ամեն ինչ պարզ է, քանի որ «Շիրակ» օդանավակայանում դժվար է իրականացնել օդանավերի տեխնիկական սպասարկումը համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով, ապա Երևանում  կարող են խնդիրներ առաջանալ, եթե Ryanair ընկերության համար «օդի հարկը» չեղարկվի։

Այս դեպքում երկրի իշխանությունը ստիպված կլինի բացատրել այլ երկրների ընկերություններին` ինչու են նրանք այդպիսի զիջումների գնացել։

«Գոյություն ունեցող միջպետական պայմանագրեր,  օրինակ` Հայաստանի և Ֆրանսիայի միջև, ըստ որի` Air France-ը արդեն 20 տարի է օդի տուրք է վճարում, ինչպես նաև «Զվարթնոցի» սահմանած բոլոր սակագները, մերոնք կարո՞ղ են բացատրություններ տալ Ֆրանսիային` ինչո՞ւ են միայն իռլանդական ընկերությանը արտոնություններ տալիս»,– ասաց Խաչատրյանը։

Մոսկվայում չվերթեր են հետաձգվել և չեղարկվել

Քութայիսի ու Թբիլիսիի օդանավակայաններից փոխադրումներն իրականացվելու են 20 եվրոյով։ Հարցին, կարելի՞ է ակնկալել նույն գնային քաղաքականությունը նաև «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայանների դեպքում, Խաչատրյանը նշեց, որ հնարավոր է որոշ ժամանակ հնարավոր է, բայց երկար` ոչ։

«Ազիմուտ» ավիաընկերությունը Ռոստովից Երևան ուղիղ չվերթ է գործարկել

Ներկայում Երևանից Եվրոպա մեկ տոմսի արժեքը մոտ 160$ է։ Խաչատրյանը կարծում է, որ տոմսերի գնի հարցը կարող է լուծվել, եթե ազգային ավիափոխադրող ստեղծվի, սակայն դրա համար քաղաքական կամք է հարկավոր, իսկ բավարար թվով կադրեր Հայաստանն ունի։

Ավիացիայի ոլորտում մասնագետ Դմիտրի Աթբաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը ազգային ավիափոխադրողի ստեղծումն է։

Նրա խոսքով` այն, որ այժմ Հայաստանի ավիացիոն ցանցը չի համապատասխանում Երևանից ուղևորահոսքի օպտիմալ բաշխմանը, նաև ազդում  է ավիաընկերությունների սակագնային քաղաքականության վրա։ 

«Մինչ սեփական քաղավիացիա չունենանք, մեզ մոտ ոչ մի լավ բան չի ստացվի։ Միշտ ուրիշներից վատ կլինի»,– վստահ է Աթբաշյանը։

Նոր սկանդալ` զբոսաշրջային ընկերության շուրջ. 10 ՀՀ քաղաքացի մնացել են Եգիպտոսում

Ինչ վերաբերում է իռլանդական ավիափոխադրողին, փորձագետի կարծիքով, Հայաստանում դեռ անհնար է չվերթերի համար Վրաստանի պես սակագներ սահմանել։ Նա վստահ է, որ դրա համար նախևառաջ անհրաժեշտ է կարգուկանոն հաստատել «Զվարթնոց» օդանավակայանում, ու, վերջապես, օդային օրենսդրություն ընդունել։

Ըստ Աթբաշյանի` Հայաստանը միակ երկիրն է, որն օդային օրենսդրություն չունի։