ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում հրապարակում է արել, որտեղ գրել է. «Գնացինք Ջերմուկ»։
Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նստած են կառավարական ուղղաթիռում։
Կարելի է ենթադրել, որ Վարչապետը Պապիկյանի ուղեկցությամբ է ուղևորվում Ջերմուկ։
Այցն ամենայն հավանականությամբ կապված է Ամուլսարի հանքի շահագործման ու բնապահպան ակտիվիստների` Ջերմուկում իրականացվող ակցիաների հետ։
Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։ Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։