ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Գնդեվազի նախկին ղեկավարը համայնքի բյուջեից միջոցներ է տրամադրել համայնքի մշակույթի տան վերանորոգման համար։ Նա ձեռք է բերել անհրաժեշտ կահույք, սպասք և պարագաներ, որից հետո 2016թ. աշնանից մինչև 2019թ. հունվար ամիսը մշակույթի տան դահլիճում վճարովի հիմունքներով կազմակերպված միջոցառումներից ստացված գումարը համայնքի բյուջե չի վճարվել, այլ յուրացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գնդեվազի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիանը» հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն։ Նա էլ իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147.300.838 ՀՀ դրամով, վաճառել է հիշյալ ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 70. 000. 000 ՀՀ դրամ:
Յուրացումներ կատարելու դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 19-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` յուրացնելը կամ վատնելը։ Հարուցված քրգործը միացվել է նույն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործին:
Նախաքննությունը շարունակվում է:
Գնդեվազի նախկին գյուղապետը միլիոնների վնաս է պատճառել պետությանը