ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Արցախում այսօր առավոտյան 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Այսօր՝ օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության կողմից տեղեկություն է ստացվել, որ Արցախի Հանրապետությունում գրանցվել է երկրաշարժ:
Էպիկենտրոնը գտնվում էր Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ (3.4 մագնիտուդ), խորությունը ՝ 10 կմ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժն առավել ուժգին զգացվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն, Հաթերք, Գետավան համայնքներում:
Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 21–ին, 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցել ՀՀ Աշոցքի տարածաշրջանում։