Ունենք մշակած տակտիկական պլան «Դյուդելանժի» հետ հանդիպման համար. Վարդան Մինասյան

Հայկական ակումբի գլխավոր մարզիչը խոսել է վաղը սպասվող ԵԼ որակավորման 4–րդ փուլի հանդիպման սպասելիքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Լյուքսեմբուրգյան «Դյուդելանժ» թիմի հետ Եվրոպական լիգայի որակավորման 4–րդ փուլի տնային հանդիպումից առաջ «Արարատ–Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ թիմը լիովին վերականգնել է ուժերը նախորդ հանդիպումներից հետո։

«Ամենակարևորը չունենք վնասվածքներով ֆուտբոլիստներ։ Ե՛վ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես պատրաստ ենք վաղվա հանդիպմանը»,–ասաց Մինասյանը։

«Արարատ-Արմենիայի» փայլուն հաղթանակը Թբիլիսիում. լուսանկարներ

Ինչ վերաբերվում է մրցակցին, հայկական ակումբի գլխավոր մարզիչը նշեց, որ «Դյուդելանժի» վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիային լիովին տիրապետում են։ Վարդան Մինասյանի բնորոշմամբ` որքան էլ տարօրինակ թվա, «Դյուդելանժը» խաղաոճով շատ նման է նախորդ փուլում «Արարատ–Արմենիայի» հաղթահարած վրացական «Սաբուրթալոյին»` խաղում են կարճ և միջին փոխանցումներով, սիրում են պահել գնդակը։

Մինասյանն, իհարկե, ունի մշակած տակտիկական պլաններ վաղվա հանդիպման վերաբերյալ, սակայն գերադասեց չբացել փակագծերը և ընդգծեց գլխավորը. «Մենք պետք է սառը գլխով խաղանք։ Լինենք սառնասիրտ, պետք է կենտրոնանաք կոնկրետ խաղի, խաղի առաջադրանքի վրա»,–նշեց Մինասյանը։

«Փյունիկը» լավ թիմ է, լավ խաղացողներով. «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ

Այս փուլը հաղթահարելու դեպքում հայկական ակումբն առաջին անգամ հնարավորություն կունենա հանդես գալ Եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում։

Նշենք, որ վաղը` օգոստոսի 22–ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա ԵԼ որակավորման 4–րդ փուլի «Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպումը։