Քաղավիացիայի «սիրուն աղջկա» պատճառով աշխատանքից բացառիկ մասնագետ է դուրս եկել. «Հրապարակ»

Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը չի ցանկանում մեկնաբանություններ անել այս թեմայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճի պատճառով օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը։

Քաղավիացիա. «Զվարթնոցի» գները տարածաշրջանում ամենաթանկը չեն

Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, նշելով, որ կապ են հաստատել Սայադյանի հետ, սակայն նա չի ցանկացել խոսել այս թեմայով՝ դա համարելով իր անձնական խնդիրը։

«Ես դուրս եմ եկել անձնական պատճառներով, անձնական նկատառումներից ելնելով։ Այդքանը կարող եմ ասել»,- ասել է նա՝ նշելով, որ օգոստոսի 12-ից այլեւս չի աշխատում Քաղավիացիայի կոմիտեում։

Թերթին ասել են, որ Սայադյանը ոլորտի բացառիկ մասնագետ է, եւ այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթեւիկ Ռեւազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա:

Հայկական քաղավիացիա. ինչպես է այն ստեղծվել

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ`2018 թ.–ի հուլիսին։

Ռևազյանը ծնվել է Հայաստանում, բայց մեծացել և ուսում է ստացել Դանիայում։ Ավարտել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցն ու Կոպենհագենի բիզնես դպրոցը։ Աշխատել է միջազգային «FLYR» ընկերությունում, որտեղ զբաղվել է համաշխարհային ավիաընկերությունների հետ համագործակցությամբ։

Վերջին մեկ տարում Ռևազյանը զբաղվել էր Հայաստանում «FLYR»-ի հայաստանյան թիմի ձևավորման աշխատանքներով:

 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Սերգեյ Ավետիսյանը հրաժարական էր ներկայացրել 2018 թ.–ի հունիսի 8-ին։

Նիկոլ Փաշինյանը քաղավիացիայի ղեկավար է նշանակել. լուսանկար