Կանաչների անկախ պատգամավորական խո՞ւմբ. Փաշինյանի նախկին խորհրդականի առաջարկը

Ամուլսարի` հանք դառնալը մերժելով` կստեղծվի նաև ՀՀ ԱԺ պատմության առաջին բնապահպանական միավորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի` հանք դառնալուն, կարող են, օրինակ, կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։

«Ընթացակարգն ու առավել արդյունավետ կառուցվածքային ձևը թող Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքն ասի: Այն մարդիկ, որոնք պատկերացում ունեն Հայաստանի` հանքից դեպի կանաչ տնտեսություն անցման վերաբերյալ, կարող են համատեղել ջանքերը, օգտագործել ԱԺ ամբիոնը և այդ օրակարգը օրենսդրական մակարդակում առաջ տանել` քաղաքակիրթ բանավեճի ու փաստարկների միջոցով»,–գրել է նա:

Խառատյանի խոսքով` Ամուլսարի հանք դառնալը մերժելով` կստեղծվի նաև ՀՀ ԱԺ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում այն կարող է դառնալ բնապահպանական Հայաստանի լոկոմոտիվը:

Ամուլսարյան տրամադրությունները սրվում են. «Իմ քայլը» կկանգնի՞ բաժանման առաջ
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն էր դեմ Ամուլսարի շահագործմանը։ Նա, մասնավորապես, Facebook–ի իր էջում գրել էր, որ Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։

«Իշխանությունը մի բան տա, բերանը փակի». Ամուլսարի հարցով Փաշինյանը նոր փակագծեր է բացում