ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց վրա` նրանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում կատարված խախտումները:
Մասնավորապես, ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ձեռք է բերվել 5350 լիտր բենզին՝ 2.045.500 ՀՀ դրամ արժեքով, որը լրացված վառելիքի պահանջագրերի և մեքենայի շահագործման ուղեթերթիկների համաձայն՝ ծախսագրվել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի շահագործման համար:
Մինչդեռ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մեքենան չի շահագործվել, իսկ վառելիքի պահանջագրերում և մեքենայի շահագործման ուղեթերթիկներում մտցված տվյալներն ակնհայտ կեղծ են:
2018թ. ՊՈԱԿ-ը ձեռք է բերել 3.313.850 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով անկողնային, լոգարանային պարագաներ, ափսեներ, բաժակներ, այդ թվում՝ 279.000 ՀՀ դրամ արժեքով պրոյեկտոր:
Սակայն պարզվել է, որ նշված ապրանքներից 2.313.000 ՀՀ դրամ արժեքով ապրանքները ՊՈԱԿ-ում առկա չեն, իսկ նշված պրոյեկտորը ոչ թե գնվել է, այլ որպես նվիրատվություն ստացվել է բարերարներից:
2017-2018թթ. երեխաների համար ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ընդհանուր առմամբ 61.111.000 ՀՀ դրամի սննդամթերք, մինչդեռ սննդամթերքի բաշխման փաստաթղթերում կատարված հավելագրումների հետևանքով 38.000.000 ՀՀ դրամի սննդամթերք դուրս է գրվել, սակայն երեխաներին չի բաշխվել:
Ռևազյանի հետ խնդիր չի եղել. Քաղավիացիայի կոմիտեն` պրոֆեսիոնալին աշխատանքից ազատելու մասին
Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ում ներքին համատեղությամբ աշխատող 30 աշխատակիցները փաստացի աշխատել են 1 դրույք (օրական 8 ժամ), սակայն վարձատրվել են 1.3 կամ 1.5 դրույքի չափով, ինչի արդյունքում չաշխատած աշխատաժամանակի համար 2017-2018թթ. վճարվել է 26.128.000 ՀՀ դրամի աշխատավարձ:
Բացի այդ, 2017-2018թթ. ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստերի կեղծ արձանագրությունների հիման վրա դուրս են գրվել 25.885.861 ՀՀ դրամի պարգևավճարներ:
Արձանագրված խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: