ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է Հայաստան գալ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
Օգոստոսի 20–ին Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից պրոֆիլակտիկ բուժումից հետո, նա իրեն լավ է զգում ու պատրաստվում է առաջիկայում այցելել իր ղեկավարած թատրոնը։
«Այս պահին բանակցություններ են վարում, որ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարության ներքո գտնվող Մոսկվայի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Հայաստան գա», – ասաց Սողոմոնյանը։
Նա նշեց, որ Ջիգարխանյանը պատրաստվում է Երևան գալ, սակայն ամեն ինչ կախված է նրա առողջական վիճակից։ Ամենայն հավանականությամբ` թատերախմբի հյուրախաղերը Հայաստանում կսկսվեն գարնանը, քանի որ աշնանն ու ձմռանը Ռուսաստանում թեժ թատերական շրջան է։
Ջիգարխանյանի` Հայաստան գալու մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի ու ժողովրդական արտիստի հանդիպման ընթացքում։
Հիվանդանոց տեղափոխված Արմեն Ջիգարխանյանին պատրաստում են վիրահատության. ԶԼՄ
«Այժմ բանակցություններ են իրականացվում, դեռ հայտնի չէ, որ թատրոնում կկայանան ներկայացումները, այդ պատճառով վաղ է դրա մասին խոսել։ Գործընթացը ընթացքի մեջ է, ու եթե ինչ–որ բան հաստատվի, նախապես կհայտարարենք», – ասաց Սողոմոնյանը։
Ինչ վերաբերում է Ջիգարխանյանի ինքնազգացողությանը, Սողոմոնյանը նշեց, որ նա արդեն տանն է` դուրս է գրվել հիվանդանոցից, ամեն ինչ նորմալ է։ Տանը դերասանի մոտ միշտ մարդ կա, որը հսկողության տակ է պահում նրա առողջական վիճակը։ Ամիսը մեկ նա հետազոտվում է, պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ է անցնում։
Նրա խոսքով` ընկերները շատ ուշադիր են հետևում Ջիգարխանյանի առողջական վիճակին։ Նրա վերջին հոսպիտալացումը պարտադիրների շարքից էր։
«Վիճակը չէր վատացել, չգիտեմ` ով է տարածում այդ լուրերը, հերթական հոսպիտալացում էր։ Մենք նախապես պայմանավորվել էինք, որ նա երեք–չորս օրով կպառկի։ Արմեն Բորիսովիչը հետազոտություն է անցել ու դուրս է գրվել։ Անհանգստանալու առիթ չկա», – ասաց Սողոմոնյանը։
Ընկերներն ու ծանոթներն այցելում են Ջիգարխանյանին, արտիստը պարբերաբար հեռախոսով խոսում է որդու հետ։
Սողոմոնյանն ընդգծեց, որ Ջիգարխանյանը գրեթե չի շփվում լրագրողների հետ, քանի որ չի սիրում, երբ խառնվում են իր անձնական գործերին։
Ժողովրդական արտիստը նախատեսում է նաև վերադառնալ ակտիվ աշխատանքին։
Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոն. նրա լուսանկարները հուզել են մարդկանց
Տարեսկզբին դերասանի մոտ առողջական խնդիրներ էին ծագել, և նա մի քանի անգամ հայտնվել էր հիվանդանոցում։
Ջիգարխանյանի ընկերները նշել էին, որ դերասանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր 39–ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնալուծությանը հաջորդած սկանդալից հետո։
Դրանից հետո Ջիգարխանյանը որոշ ժամանակ անցկացրել է առողջարանում, որտեղ և ապաքինվել է։