Ամուլսարի հարցով նոր գնահատո՞ւմ կիրականացվի. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Ամուլսարի հարցով վարչապետի անցկացրած խորհրդակցությանը նաև «Լիդիանի» ներկայացուցիչն է մասնակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով: Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը»,–գրել է նա։

«Իշխանությունը մի բան տա, բերանը փակի». Ամուլսարի հարցով Փաշինյանը նոր փակագծեր է բացում

Նրա խոսքով` իրեն հետաքրքրում էին նախագծված գործընթացի փուլերը՝ հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:

Փաշինյանը նշել է, որ շարունակում են աշխատել այս «խիստ կարևոր» թեմայի վրա։

Հաջորդ գրառմամբ` ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ.

Բոզոյան․ «Այս 1 տարում մոտ 30 միլիոն դոլար Հայաստանի բյուջեն կարող էր ստանալ Ամուլսարից»

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում:

Հիշեցնենք, որ երեկ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում գրել է, որ եթե մինչ այս կասկածներ ուներ, որ Ամուլսարի հարցում խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել, ապա այժմ արդեն որևէ կասկած չունի:

Ամուլսարյան տրամադրությունները սրվում են. «Իմ քայլը» կկանգնի՞ բաժանման առաջ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին պետ Արթուր Գրիգորյանը ևս Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին գիտեր դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էր: Նրա խոսքով` իր նշանակման օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծվել է իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին։

Ավելի ուշ ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ Արթուր Գրիգորյանը և քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին որևէ տեղեկատվության չեն տիրապետում։ Իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց ֆեյսբուքյան գրառումները չունեն որևէ փաստական հիմք և արտահայտում են բացառապես իրենց սուբյեկտիվ տեսակետը և սեփական վերլուծությունների արդյունքը։