Ըստ Հակոբյանի`հանքի շահագործումը, բացի տնտեսականից, պայմանավորված է նաև որոշակի քաղաքական գործոններով։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արևմտյան որոշ շրջանակներ, նույն ԱՄՆ–ի պաշտոնական շրջանակները միշտ «Լիդիանի» հարցը բարձրացնում էին, այդ ընկերության վերաշահագործմամբ էին պայմանավորում ներդրումներ լինել կամ չլինելը»,–նշում է քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ այլ գործոններ էլ մեծ ազդեցություն ունեն։ «Եթե որոշ ժամանակ իշխանությունը ոտքը կախ էր գցել, քանի որ հույս ուներ, որ հետհեղափոխական ներդրումային բում կարող էր լինել Հայաստանում, սակայն հասկացան, որ այդքան պարզունակ չէ ոչինչ և մեծ շռայլություն է արևմտյան ներդրումներից հրաժարվելը»,–նկատում է Հակոբյանը։
Ըստ քաղտեխնոլոգի`մյուս գործոններ են արտաքին պահանջները, ներդրումային դաշտի բացակայությունը։ «Չեմ կարծում, որ իշխանությունը վստահ է, որ ռիսկերը 100%-ով կառավարելի են»,–ասում է Հակոբյան։
Վիգեն Հակոբյանի խոսքով` կառավարության որոշակի պրագմատիկ հաշվարկները ցույց են տվել, որ այս պարագայում ռիսկերը ավելի քիչ են, քան եթե «Լիդիանը» շարունակի չգործել` ելնելով ներքին ու արտաքին հանգամանքներից։
Ամուլսարի հարցով նոր գնահատո՞ւմ կիրականացվի. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook սոցիալական իր էջում գրել էր, որ խորհրդակցություն է իրականացրել Ամուլսարի հարցով։ Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է:
Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր էր բորբոքել Ամուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։ Ակտիվիստները Ջերմուկում բողոքի ակցիաների նոր ալիք էին սկսել։