«Արմենիա» խանութ–ռեստորանը փակել է իր էջերը սոցիալական ցանցերում

Հաստատության ղեկավարությունը ստիպված էր գնալ այդ քայլին խանութ–ռեստորանը վարկաբեկելու ծրագրված ակցիայից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Մոսկվայի կենտրոնում` Տվերսկայա փողոցում, գտնվող հայտնի «Արմենիա» ռեստորանի ղեկավարությունը փակել է որոշ սոցիալական ցանցերում հաստատության էջերը։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։ Նշենք, որ «Արմենիան» միակ հաստատությունն է եղել, որ հայց է ներկայացրել հուլիսի 27–ի ակցիայի կազմակերպիչների դեմ։

Արևը, ծիրանը և մարդկանց ժպիտները. Մոսկվայում նշեցին «Ծիրանի» տոնը

Դրա պատճառն այն է եղել, որ ռեստորանի տերը` «Անկոր» ընկերության ղեկավար Հրանտ Ծատուրյանը, պահանջել է ցույցի կազմակերպիչներից իրեն վճարել 551 հազար ռուբլի` որպես ակցիայի օրը հաստատությունը փակելու փոխհատուցում։

Դրանից անմիջապես հետո սոցիալական ցանցերում և մասնագիտացված կայքերում, որոնք գնահատում են ռեստորանների վարկանիշը, մեկնաբանությունների տարափ է սկսվել։ Ակնհայտորեն նախօրոք ծրագրված ակցիայի մասնակիցները սկսել են «թրոլինգի» ենթարկել հաստատությունը` քննադատելով սպասարակումը, ուտելիքի որակը, աղմուկը և այլն։ Արդյունքում մի քանի օրում հաստատության վարկանիշը 5 միավորից իջել է  2-ի։

«Ռոսսելխոզնադզորը» թույլ չի տվել, որ հայկական իշխանը Մոսկվա մտնի

Ռեստորանի պաշտպանության կոչով հանդես են եկել հայտնի ռուսաստանցիներ` հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ՌԻԱ Նովոստիի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, գրող և լրագրող Մարիա Յուդենիչը և ուրիշներ։ Տեղի ունեցածի պատճառով ռեստորանի ղեկավարությունը որոշել է որոշ սոցիալական ցանցերում ժամանակավորապես փակել իր էջերը, մյուսներում` սահմանափակել մուտքը։

Հուլիսի 27–ին Մոսկվայի կենտրոնում ընդդիմությունը չարտոնված հանրահավաք էր անցկացնում, որն ուղեկցվում էին զանգվածային անկարգություններով։ Այդ հանրահավաքի արդյունքում մի քանի քրեական գործ է հարուցվել։

Տվերսկոյ բուլվարի «Արմենիա» խանութ–ռեստորանը մոսկովյան եզակի խանութներից է։ Խորհրդային տարիներին այն հայկական ապրանքների մասնագիտացված խանութ էր։